Ուսումնական ճամփորդություն: Հովհաննես Թումանյանի թանգարան

Փետրվարի 19-ը Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, Հարավային դպրոցի ընտրությամբ թատրոնի գործունեության խմբի հետ միասին հենց այդ օրն այցելեցինք Հովհաննես Թումանյանի թանգարան։

Թումանյանական հեքիաթները Հ.Մալյանի անվան թատրոնում

Վայրը՝ Հենրիկ Մալյան թատրոն
Հասցեն՝ Վարդանանաց 18

Մասնակիցներ` 1.1դասարանի սովորողներ
Պատասխանատու` Գոհար Սմբատյան
Օգնական` Էլիզաբեթ Ադիկյան

Ճամփորդության օրը՝ փետրվարի 21-ին
Ներկայացման սկիզբը, ավարտը`ժ. 10:30 —11:30
Մեկնումը դպրոցից՝  ժ.10:00

Նպատակը՝ դիտել Թումանյանական հեքիաթներ ներկայացումը

Խնդիրները՝  ներկայացումը համեմատել հեքիաթների հետ, յուրացնել ներկայացում դիտելու մշակույթը, ճամփորդական կանոնների պահպանում ու կիրառում:

Ամփոփումը` 

«Խոսող ձուկը»․ Հովհաննես Թումանյան

1
Լինում է, չի լինում՝ մի աղքատ մարդ։ էս աղքատ մարդը գնում է դառնում մի ձկնորսի շալակատար։ Օրական մի քանի ձուկ է աշխատում, տուն բերում, նրանով ապրում են ինքն ու կնիկը։Մի անգամ էլ ձկնորսը մի սիրուն ձուկ է բռնում, տալիս իր շալակատարին, որ պահի, ինքն էլ դարձյալ ջուրն է մտնում։ Էս շալակատարը գետափին նստած՝ նայում է, նայում էն սիրուն ձկանն ու միտք է անում։
— Տե՛ր աստված,— ասում է,— սա էլ, որ մեզ նման շունչ-կենդանի է, դու ասա՝ սա՞ էլ մեզ նման ծնող ունի, ընկեր ունի, աշխարհքից բան է հասկանում, ուրախություն կամ ցավ է զգում, թե՞ չէ․․․
Հենց էս մտածելու ժամանակ ձուկը լեզու է առնում։
— Լսիր՛,— ասում է,— մարդ-ախպեր։ Ընկերներիս հետ ես խաղում էի գետի ալիքների մեջ։ Ուրախությունից ինձ մոռացա ու անզգույշ ընկա ձկնորսի ուռկանը։ Հիմի, ո՛վ գիտի, իմ ծնողը ինձ որոնում է ու լաց է լինում, հիմի ընկերներս տխրել են։ Ես էլ, տեսնում ես, ինչպես եմ տանջվում, շունչս կտրում է ջրից դուրս։ Ուզում եմ ետ գնամ ապրեմ ու խաղ անեմ նրանց հետ էն պաղ ու պարզ ջրերում։ Էնպես եմ ուզո՜ւմ, էնպես եմ ուզո՜ւմ․․․ Եկ, խեղճ արի, ազատ արա ինձ, բա՛ց թող, բա՛ց թող գնամ․․․
Էսպես էր ասում ցա՜ծր, շա՜տ ցածր ձայնով՝ ցամաքած բերանը բացուխուփ անելով։ Էս շալակատարի մեղքը գալիս է, առնում է, ետ գցում գետը։
— Գնա՛, սիրուն ձկնիկ, թող լաց չլինի քո ծնողը։ Թող չտխրեն քո ընկերները։ Գնա՛, ապրի՛ ու խա՛ղ արա նրանց հետ։
Ձկնորսը սաստիկ բարկանում է շալակատարի վրա։
— Տո՛, ախմախ,— ասում է,— ես էստեղ, ջրի մեջ թրջվելով, ձուկ եմ բռնում, դու իմ աշխատանքն առնում ես էլ ետ ջուրը գցո՞ւմ․․․ դե գնա՛ կորի՛, էլ իմ աչքին չերևա՛ս, էլ իմ շալակատարը չես էս օրից, գնա՛, սովից մեռի՛։
Ձեռի տոպրակն էլ խլում է ու ճամփու դնում։
— Հիմի ես ո՞ւր գնամ, ի՞նչ անեմ, ո՞նց ապրեմ․․․— տարակուսած մտածելով, դառն ու դատարկ վերադառնում է աղքատը դեպի տուն։

2
Էս տխուր մտածմունքի ժամանակ ճամփին դիմացը դուրս է գալիս մի մարդակերպ Հրեշ՝ առաջը մի գեղեցիկ կով։
— Բարի օր, ախպերացու, էդ ի՞նչ ես մոլորել, ի՞նչ ես միտք անում,— հարցնում է Հրեշը։
Աղքատը պատմում է իր գլխին եկածը, թե ինչպես հիմա մնացել է անգործ, անճար ու չի իմանում, թե ոնց պետք է ապրեն ինքն ու իր կնիկը։
— Լսի՛, բարեկամ,— ասում է Հրեշը։— Էս կաթնատու կովը ես քեզ կտամ երեք տարի ժամանակով։ Ամեն օր էնքան կաթ տա, որ քո կնիկն ու դու կուշտ-կուշտ ուտեք, ապրեք։ Երեք տարին լրացավ թե չէ՝ հենց էն գիշերը կգամ ձեզ հարց կտամ։ Թե հարցիս պատասխանեցիք՝ իմ կովը ձեզ լինի, թե չէ՝ երկուսդ էլ իմն եք, տանելու եմ, ինչ ուզեմ, կանեմ։ Համաձայն ե՞ս։
— Մի բան, որ առանց էն էլ սովից մեռնելու ենք,— մտածում է աղքատը,— կովը կտանեմ, էս երեք տարին կապրենք, մինչև երեք տարվա լրանալն էլ աստված ողորմած է։ Մի տեղից մի դուռը կբացվի, կամ գուցե հենց պատասխանը տալիս ենք, ո՛վ գիտի․․․
— Համաձայն եմ,— ասում է ու կովն առաջն անում, տանում տուն։

3
Երեք տարի կթում են, լիուլի ուտում, ապրում։ Չեն էլ նկատում, թե ինչպես անցավ երեք տարին, և ահա հասնում է նշանակված օրը, որ Հրեշն էն գիշեր պիտի գա։
Մարդ ու կնիկ վերջալուսի տակ տխուր նստում են դռանը, ու միտք են անում, թե ինչ պատասխան տան Հրեշին, կամ, ով գիտի, ինչ կհարցնի նա․ ո՞վ կիմանա Հրեշի միտքը։
— Ա՛յ թե ինչ դուրս կգա, երբ մարդ Հրեշի հետ գործ բռնի․․․ Հրեշի հետ հաշիվ ունենա․․․ Հրեշից լավություն ընդունի․․․— հառաչելով զղջում էին մարդ ու կին, բայց անցկացածն անց էր կացել, էլ հնար չկար։ Իսկ զարհուրելի գիշերը արդեն վրա էր հասնում։
Էս ժամանակ նրանց մոտենում է մի անծանոթ գեղեցիկ երիտասարդ։
— Բարի իրիկո՛ւն,― ասում է,— ճամփորդ մարդ եմ, մութն ընկնում է, ես էլ հոգնած եմ, հյուր չե՞ք ընդունի ձեր տանն էս գիշեր։
— Ընչի՛ չէ, ճամփորդ ախպեր, հյուրն աստծունն է։ Բայց մեզ մոտ վտանգավոր է էս գիշեր։ Մենք Հրեշից մի կով ենք առել էն պայմանով, որ երեք տարի կթենք, ուտենք, երեք տարուց ետը գա, մեզ հարց տա, թե պատասխանենք, կովը մեզ լինի, թե չէ՝ իր գերին ենք։ Հիմի ժամանակը լրացել է․ էս գիշեր պիտի գա, ու մենք էլ չգիտենք, թե ինչ պատասխան տանք։ Հիմի մեզ ինչ անի՝ մենք ենք մեղավոր, վայ թե քեզ էլ վնասի։
— Բան չկա, որտեղ դուք, էնտեղ էլ ես,— պատասխանում է օտարականը։
Համաձայնում են, հյուրը մնում է։
Մին էլ կեսգիշերին դուռը դղրդում է։
— Ո՞վ է։ — Հրեշը։ Եկել եմ, դե պատասխանս տվեք։
Ինչ պատասխան, սարսափից մարդ ու կնկա լեզուն կապվում է, մնում են տեղները քարացած։
— Մի՛ վախենաք, ես ձեր տեղակ սրա պատասխանը կտամ,— ասում է երիտասարդ հյուրը ու գնում է դեպի դուռը։
— Եկե՜լ եմ,— դռան ետևից ձայն է տալի Հրեշը։
— Ես էլ եմ եկե՜լ,— պատասխանում Է ներսից հյուրը։
— Ո՞րտեղից ես եկել։
— Ծովի էն ափից։
— Ինչո՞վ ես եկել։
— Կաղ մոծակը թամքել եմ, վրեն նստել եմ, եկել։
― Ուրեմն՝ ծովը պստիկ է եղել։
— Ի՜նչ պստիկ, արծիվը չի կարող մի ափից մյուսը թռչի։
— Ուրեմն՝ արծիվը ճուտ Է եղել։
— Ի՜նչ ճուտ․ թևերի շվաքը քաղաք Է ծածկում։
— Ուրեմն՝ քաղաքը շատ է փոքրիկ։
— Ի՜նչ փոքրիկ․ նապաստակը մի ծայրից մյուսը չի հասնի։
— Ուրեմն՝ նապաստակը ձագ է։
— Ի՜նչ ձագ․ մորթին մի մարդու քուրք դուրս կգա, գլխարկն ու տրեխն էլ՝ ավելի։
— Ուրեմն՝ մարդը թզուկ է։
— Ի՜նչ թզուկ․ ծնկան ծերին աքլորը ծուղրուղու կանչի, ձայնը ականջին չի հասնի։
— Ուրեմն՝ խուլ է։
— Ի՜նչ խուլ․ սարում որ պախրեն խոտ պոկի, նա կլսի։
Հրեշը մնում է կապված–մոլորված, զգում է, որ ներսը մի ուժ կա իմաստուն, համարձակ, անհաղթելի, էլ չի իմանում՝ ինչ ասի, սուսուփուս քաշվում, կորչում է գիշերվա խավարի մեջ։
Սրանք նոր մեռած տեղներիցը ետ են գալիս, ուրախանում, աշխարհով մեկ են լինում։ Հետն էլ բացվում է բարի լուսը, և երիտասարդ հյուրը վեր է կենում, մնաք բարով է ասում, որ գնա իր ճանապարհը։
— Չենք թողնի, որ չենք թողնի,— առաջը կտրում են մարդ ու կին,— դու, որ փրկեցիր մեր կյանքը, ասա՛, ինչով ետ վճարենք քո լավությունը․․․
— Չէ՛, անկարելի բան է, պետք է գնամ իմ ճանապարհը։
— Դե գոնե անունդ ասա, եթե լավությունդ կորչի, ու չկարողանանք ետ վճարել, գոնե իմանանք, թե ում ենք օրհնելու․․․
— Լավությունը արա ու թեկուզ ջուրը գցի՝ չի կորչի։ Ես հենց էն Խոսող ձուկն եմ, որի կյանքը դու խնայեցիր․․․— ասում է անծանոթն ու չքանում ապշած մարդ ու կնկա աչքերից։

Երկարացված օրվա աշխատակարգ17.02-21.02

Երկուշաբթի 17.02.2020

13:35-15։00  ինքնակրթության ժամ
15:00-15:30  ճաշ
15:30-15:40  հեքիաթասություն
15։40-16։15 պատկերում ենք օրվա հեքիաթը
16:15-16։30  միջավայրի խնամք
16։30-17։00  տուն ճանապարհում

Երեքշաբթի 18․02․2020

13:35-15։00 օրիգամի — թղթե արվեստ
15։00-15։30 ճաշ
15։30-16։15 թափառումներ, բակային աշխատանքներ
16:15-16։30 միջավայրի խնամք
16։30-17։00 տուն ճանապարհում

Չորեքշաբթի 19.02․2020

13:35-15։00 ինքնակրթության ժամ
15:00-15:30 ճաշ
15:30-16:15 տեխնոլոգիական աշխատանք
16:15-16։30 միջավայրի խնամք
16։30-17։00 տուն ճանապարհում

Հինգշաբթի 20.02․2020

13:35-14։00 հեքիաթասություն
14։00-15։00 պատկերում ենք օրվա հեքիաթը
15:00-15:30 ճաշ
15:30-16:15 նախագծային աշխատանք
16:15-16։30 միջավայրի խնամք
16։30-17։00 տուն ճանապարհում

Ուրբաթ 21.02․2020

13:35-15:00 ինքնակրթության ժամ
15:00-15:30 ճաշ
15:30-16:15 նախագծային աշխատանք
16:15-16։30 միջավայրի խնամք
16։30-17։00 տուն ճանապարհում

Ուսումնական ճամփորդություն: Հովհաննես Թումանյանի թանգարան

Ճամփորդության վայրը՝ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան

Ժամանակահատվածը՝ Փետրվարի 19, ժամը 10:00-12:30

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի ընտրությամբ թատրոնի գործունեության տարատարիք սովորողներ

Նպատակը՝ տեսնել Թումանյանի տունը, իրերն ու առարկաները, որոնք պատկանել են Թումանյանին, ծանոթանալ կենսագրությանն ու ստեղծագործական կյանքին:

Ընթացքը՝ Սովորողների հետ բեմադրել ենք Հովհաննես Թումանյանի հեքիաթներից հատվածներ, ճամփորդության ընթացքում կքննարկենք հեքիաթները, կուսումնասիրենք ճանապարհները, որով անցնում ենք: Տուն-թանգարանում էքսկուրսավարի ուղեկցությամբ կշրջենք, կծանոթանանք Թումանյանի տանը, սենյակին, իրերին: Վերջում 3D ֆիլմ կդիտենք ու կվերադառնանք դպրոց:

Արդյունքները կամփոփենք սովորողների և իմ բլոգում:

«Ստեղծագործ TV» Նախագիծ

Նախագծի մասնակիցներ՝ Հարավային դպրոցի տարատարիք սովորողներ։

Ժամանակահատվածը՝ շարունակական

Նախատեսվում է ՝ շաբաթական 1 թողարկում

Նպատակը՝ Ստեղծել ինքնաշեն խաղեր օգտագործելով ձեռքի տակ եղած իրերը, թափոնները, չպետքական տուփերն ու շշերը:

Խնդիրները՝

  • հիշողությունը
  • մանր մոտորիկան
  • տրամաբանությունը
  • արագ կողմնորոշվելու ունակությունները
  • ստեղծագործական հմտությունները
  • թիմային աշխատանք կատարելու ունակությունները
  • ձևավորել և զարգացնել թղթով, մկրատով և սոսնձով աշխատելու հմտությունները
  • ձևավորել և զարգացնել տեսախցիկի առջև անկաշկանդ խոսելու և աշխատելու կարողությունը


Ծրագրի ակնկալվող արդյունքները՝ ինքնաշեն խաղերը  կզարգացնեն  երեխայի հիշողությունը, մանր մոտորիկան, տրամաբանությունը,արագ կողմնորոշվելու ունակությունները, թիմային աշխատանք կատարելու ունակությունները, երեխան խաղի միջոցով կսովորի գույները, թվերը, երկրաչափական պոտկերները, կսովորի հաշվել, գումարել, հանել, համեմատել և այլն:

Ընթացքը՝Շաբաթական մեկ անգամ յութուբյան ալիքում թողարկել մեկ եթեր: Հաղորդման ընթացքում հաղորդումը վարող երեխան ներկայացնում է պատրաստվող խաղը, խաղի համար անհրաժեշտ պարագաները և քայլ առ քայլ բացատրելով պատրաստում է: Հաղորդման վերջում ցույց է տալիս՝ փորձարկում է խաղը: Այս ամենը տեսագրվում է, որից հետո ընթանում են մոնտաժային աշխատանքները: Ստանում ենք մի ընհանուր տեսանյութ, որն էլ տեղադրվում է յութուբյան ալիքում, լուսաբանվում Կրթահամալիրի կայքում, ենթակայքերում և ֆեյսբության էջերում:

Թողարկումներ՝


Նախագիծ։ Հայերեն Մուլտեր

Մասնակիցներ ՝ Հարավային դպրոցի սովորողներ

Ժամանակահատվածը՝ շուրջտարյա

Նախատեսվում է ՝ շաբաթական 1 մուլտֆիլմի թարգմանում և հրապարակում

Անհրաժեշտ պարագաներ՝ բջջային հեռախոս, ձայնագրող սարքեր

Նպատակը՝

  • բանավոր խոսքի, բառապաշարի հարստացում
  • օտար լեզվից մայրենի լեզվով թարգմանելու հմտության կարողություն
  • լեզվամտածողության զարգացում
  • ստեղծագործական մտքի և երևակայության զարգացում
  • թրգմանչական հմտությունների ձևավոևում և զարգացում

Ընթացքը՝ սովորողների հետ միասին դիտում ենք մուլտֆիլմը, որից հետո սովորողները փորձում են թարգմանել, այնուհետև խմբագրում ենք, բաժանում ըստ դերերի և ձայնագրում։Այսպիսով երեխաների մոտ ձևավորվում է թարգմանչական հմտություններ և ունենում ենք ևս մեկ հայերեն լեզվով մուլտֆիլմ։

Արդյունքը՝