Հովհաննես Թումանյան

Ծաղիկների երգը

Մեծ գոլն ընկավ, ձընհալն ընկավ,
Հողը շընչեց, զեփյուռն եկավ,
Արևն ելավ վառ ճառագած,
Հարցմունք արավ հողին հակված.

Արևը
— Սիրուն աղջիկ, ի՞նչ ղըրկեմ քեզ։
Աղջիկը
— Ես ծաղիկներ կուզեմ պես-պես։
Արևը
— Ա՛յ աղբյուրներ, ա՛յ գետակներ,
Սառցի ներքև քընա՞ծ եք դեռ.
Դո՛ւրս եկեք, դո՛ւրս,
Շո՜ւտ, դեպի լուս,
Նոր աշխուժով
Ու նոր ուժով
Կարկաչեցեք
Ու կանչեցեք
Հողում քընած սիրուններին՝
Ծաղիկներին ու ծիլերին։
Ջրերը
— Վո՛ւշ-վո՛ւշ, վո՛ւշ-վո՛ւշ,
Էս ի՛նչքան, ուշ…
Աղջի՛, աղջի՛, ծիլ-ծաղիկներ,
Քանի՞ քընեք, վե՜ր կացեք, վե՛ր.

Խընկածաղիկ,
Ծընկածաղիկ,
Արևքուրիկ,
Շար-շարուրիկ,

Հասմիկ, հափրուկ,
Ամանկոտրուկ,
Հորոտ-մորոտ,
Աղավնարոտ,
Կոճղեզ, ճանդուկ

Քուրդ, ճարճատուկ,
Հարսնածաղիկ,
Ոսկեծաղիկ,
Խաշխաշ, ծըծուկ,
Վարդ, երիցուկ,

Մուշկ-վաղմեռուկ,
Պուտ, վառվըռուկ,
Շըրվան, մըրվան,
Շուշան, ռեհան,

Ապրեմ-չապրեմ,
Բուրեմ-մարեմ…
Քանի՞ քընեք հողի միջին,
Եկեք էստեղ, սարի լանջին,
Առվի ափին, հովիտներում,
Ժայռի տակին, հովիտներում,

Կանաչ խոտով,
Անուշ հոտով
Ծիծաղեցեք
Ու ծաղկեցեք։


Ծաղիկները
— Բարև, բարև, կարմիր արև,
Ա՜խ, ի՜նչ լավ է դեպի վերև–
Աղա՜տ, լո՜ւյս, տա՜ք,
Կապո՜ւյտ, հըստա՜կ…

Արևը
— Սիրո՞ւմ եք ինձ…

Ծաղիկները
— Ա՜խ էնպես եմ սիրում,էնպե՜ս,
Էլ առանց քեզ չեմ ապրիլ ես…
— Ես քեզ հետ եմ ուր որ գընաս…
— Ես կըտըխրեմ՝ որ հեռանաս…

Արևը
— Ապա եթե ձեզ համբուրե՞մ…

Ծաղիկները
— Ես հաճույքից կըկարմրեմ…
— Ես կըբուրեմ…
— Ես կըմարեմ…

Արևը
— Ա՛յ անուշներ.
Ա՛յ քընքուշներ,
Ապրեմ-չապրեմ, բուրեմ-մարեմ.
Բաժակներդ բացեք իմ դեմ,
Հազար գունի, հազար ձևի,
Պայծառ, ծավի ու ծարավի,

Լըցնեմ շողով,
Գոհար ցողով,
Ջերմ եթերով,
Նուրբ թըրթիռով,
Կյանքի հյութով,
Խունկի հոտով,

Ա՛յ անուշներ,
Ա՛յ քնքուշներ…

Աղջիկը
— Էս ի՜նչ անթիվ ծաղիկներ կան.
Ոսկի-դեղին, կարմիր, դեղձան,
Մոռ, ծիրանի, ճերմակ, պուտ-պուտ,
Ալ, նարընջի, մավի, կապուտ,
Բացվել, լըցվել, ծաղկել են վառ,
Ողջ ինձ համա՜ր, ողջ ինձ համա՜ր…