Տեխնոլոգիա 1-3րդ դասարան /ընտրությամբ գործունեություն/

Այլընտրանքային նկարչություն

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 1-3րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝

  • զարգացնել ստեղծագործելու կարողությունը
  • երևակայությունը
  • գույները համադրելու կարողությունը

Անհրաժեշտ պարագաներ՝

  • գունավոր ներկեր
  • պատառաքաղ
  • գունավոր մատիտներ
  • վրձին

Ընտրությամբ թատրոնի գործունեություն․ Սեպտեմբերի 22-25-ը աշխատանքային նախագծեր

Շարունակում ենք երեխաների կողմից հավաքագրած տեղեկությունների խմբագրման աշխատանքները, ընթերցումներն ու վիդեոտարբերակով նկարահանումը։

 Սովորողները իրենց դասացուցակով նախատեսված տեխնոլոգիայի դասին ուսուցչի օգնությամբ պատրաստում են նախապես ընտրված հեքիաթի հերոսներին։ Երբ կերպարները վերջնական պատրաստ լինեն, կօգտագործենք դրանք բեմադրություններ անելիս։ Արդյունքում կունենանք գեղեցիկ տիկնիկներ և տիկնիկային ներկայացում։

Կարդում ենք փոքրիկ պատմվածք, գտնում կերպարներին, վերլուծում նրանց բնավորության գծերն ու տեսքը, մտածում նրանց համար ձայներ ու շարժուձևեր։

Յուրաքանչյուր գործում շատ կարևոր գործոն ունի ուշադրությունը։ Այդ իսկ պատճառով մեր դասաժամի մի փոքր հատված հատկացնում ենք ուշադրությունը զարգացնող խաղերին և վարժանքներին։

Հանդիպում, ծանոթություն, քննարկումներ


Այս շաբաթ ծանոթացա ընտրությամբ թատրոնի գործունեության խմբի սովորողների հետ, միասին զրուցեցինք թատրոնից, սովորողներն ավելի մանրամասն ծանոթացան դերասանի մասնագիտությանը։ Խաղացինք ուշադրությունը զարգացնող խաղեր և փորձարկեցինք հույզերի (էմոցիաներ) արտահայտման ճիշտ ձևերը։

Թատրոն+տեխնոլոգիա․ համագործակցային նախագիծ

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի ընտրությամբ թատրոնի գործունեության խմբի սովորողներ

Ժամանակահատվածը՝ շուրջտարյա

Դասավանդողներ՝ Էլիզաբեթ Ադիկյան և Թագուհի Ստեփանյան

Նպատակը՝

  • սովորողների մոտ զարգացնել թիմային աշխատելու կարողությունը
  • զարգացնել երևակայությունը
  • զարգացնել ստեղծագործելու ունակությունները
  • ձևավորել և զարգացնել տեխնոլոգիական հմտություններ

Ընթացքը․ Սովորողները իրենց դասացուցակով նախատեսված տեխնոլոգիայի դասին ուսուցչի օգնությամբ պատրաստում են նախապես ընտրված հեքիաթի հերոսներին։ Երբ կերպարները վերջնական պատրաստ լինեն, կօգտագործենք դրանք բեմադրություններ անելիս։ Արդյունքում կունենանք գեղեցիկ տիկնիկներ և տիկնիկային ներկայացում։

Անհրաժեշտ պարագաներ՝

  • հաստ ստվարաթղթեր
  • գունավոր մատիտներ
  • ներկեր
  • զանազան գույնզգույն կտորներ
  • գույնզգույն թելեր
  • և այլն․․․

Տյաու-մյաու․ Սերգեյ Վարդանյան

Այդքան չարաճճի մկնիկ ոչ ոք չէր տեսել։ Դասերից փաղչում էր․ ողջ օրը թափառում մութ նկուղներում, խցկվում ջարդոտված սեղանների ու աթոռների արանքները, քրքրում զանազան հնոտիք։ Իսկ երբ մյուս մկները փորձում էին նրան խելքի բերել, կանգնում էր որևէ բարձր տեղ և հպարտորեն ասում․
— Ես բանաստեղծ եմ, ես պետք է շրջեմ, աշխարհ տեսնեմ․․․
— Ախր բանաստեղծ դառնալու համար պետք է ավելի լավ սովորել և ոչ թե թափառել, — խրատում էին մյուս մկները, իսկ նա հակաճառում էր․
— Բանաստեղծություն գրել չեն սովորում, դրա համար բնատուր տաղանդ է պետք, այնպես որ ՝ ես այլևս սովորելու կարիք չունեմ։
Բայց մի օր էլ մկները նրան բռնեցին, ու բաց չթողեցին
— Ես բանաստե՜ղծ եմ, ես բանաստե՜ղծ եմ․ դե որ այդպես է, կարդա քո բանաստեղծություններից մեկը, տեսնենք ի՞նչ ես գրում, — չորս կողմից վրա տվին նրան։
Մկնիկը կարկամեց, կարմրեց, սկսեց պոչի հետ խաղալ և կմկմաց․

Սով էր, սով էր մկստան
Կատվի ձեռից լկստան․․․

Նա ընդամենը երկու տող էր արտասանել, երբ մկները աղմկեցին․
— Խաբեբա՛, ստախոս՛, գրագո՛ղ, այդ դու՛ չես գրել, դու՛ չես գրել․․․
— Ինչպե՞ս թե՝ ես չեմ գրել․ —զայրացած ոտքը գետնին խփեց մկնկը, — Էլ ո՞վ կարող է կատվին այդպես լավ բնութագրել՝ «լկստան», հը՞, ասացեք, ո՞վ ․․․
— Աթաբեկ Խնկոյա՜նը, Աթաբեկ Խնկոյա՜նը,
— Ո՞վ, ո՞վ, — հարցրեց մկնիկը
— Խնկո- Ապե՛րը, — ծվծվացին չորս կողմից։
— Խնդրում եմ ինձ հետ գրականությունից չվիճել, — ձայնը բարձրացրեց մկնիկը։
— Բայց դու ինչպե՞ս կարող ես կատուների մասին գրել, որբ ոչ մի կատու չես տեսել, —բեղի տակից ժպտալով հարցրեց մի մեծահասակ մուկ։
— Բանաստեղծների համար կարևորը ոչ թե տեսնելն է,այլ զգալը, —առարկություն չնդունող տոնով ասաց մկնիկը, — իսկ կատուներին ես հինգ մատիս պես եմ ճանաչում։ Դուք կարծում եք այս մութ նկուղից այն կողմ աշխարհ չկա՞։ Իսկ ես շրջել եմ հարևան բոլոր շենքերի ներքնահարկերը, և իմ ահից շրջակայքում ոչ մի կատու չի մնացել։ Կատուները նույնիսկ իմ մասին մի ասացվածք են հորինել՝ «Մկան խաղը՝ կատվի մահը»։
Բոլոր մկները նրա մեծամտության վրա այնքա՜ն ծիծաղեցին, այնքա՜ն ծիծաղեցին, որ քիչ էր մնում նրանց փորիկները պայթեին։
Ահա այպես մկնիկը խայտառակվեց։ Քաշվեց նկուղի մի անկյուն «Աճպարարության գաղտնիքները» վերնագրով մի գիրք ձեռքն ընկավ և սկսեց կրծել։ Նա որոշեց նշանավոր աճպարար դառնալ և բոլորին զարմացնել։ Հնոտիքի միջից մի լայնեզր գլխարկ գտավ, սկսեց փորձեր անել և հայտարարեց, որ շուտով ելույթներ է ունենալու, նույնիսկ մյուս նկուղները հյուրախաղերի է գնալու։
—Աճպարար դառնալու համար պետք է շատ սովորել, — կրկին խորհուրդ տվեցին մյուս մկները, —իսկ դու ընդամենը մեկ-երկու էջ ես կրծոտել։
Բայց այս անգամ էլ մկնիկը նրանց չլսեց։
Վերջապես եկավ ելույթի օրը։Բոլորը տոնական հագնված, զուգված-զարդարված եկել էին նորահայտ աճպարարին տեսնելու։Մկնիկը վրան սև իկնոց էր գցել, իսկ վզին թիթեռնիկի նման մի գեղեցիկ փողկապ կապել։Առաջին աճպարարությունը ճարպկորեն կատարեց։ Սև լայնեզր գլխարկի վրա փռեց իր թիկնոցը և կիսաձայն շշնջաց․
— Պարա՜ն-մարա՜ն, պարա՜ն-մարա՜ն, պարա՜ն-մարա՜ն․․․
Ապա ձեռքի վարժ շարժումով ետ տարավ թիկնոցը և լայնեզր գլխարկի միջից դուրս քաշեց մի երկար պարան։ Նա քաշում էր ու քաշում, իսկ պարանը կարծես ծայր չուներ։ Բոլորը հիացած էին, ծափահարում էին, տեղերից բղավում․
—Ապրի՛ մկնիկը, ապրի՛ մկնիկը, կեցցե՛ս մկնիկ։
Առաջին հաջողությունից ոգևորված, մկնիկը կրկին թիկնոցը գցեց գլխարկի վրա և նորից ինչ-որ անհասկանալի բաներ շշնջաց․
— Թա՜շկի-նա՜շկի, թա՜շկի-նա՜շկի, թա՜շկի-նա՜շկի․․․
Ապա գլխարկի միջից դուրս քաշեց բազմագույն, տարբեր ձևերի ու չափերի մետաքսյա թաշկինակներ, որոնք աշնանային տերևների նման օդում երազկոտ ճոճվելով իջնում էին հանդիսատեսի վրա։ Բոլորը ցնցված էին, հիացմունքից քարացել էին, հետո սկսեցին ուժգին ծափահարել, գրկեցին մկնիկին ու վեր-վեր ռցրին։
Իսկ մկնիկը այս հաջողույունից շլացած, ցանկացավ նրանց ավելի շատ զար,ացնել։ Բայց, ցավոք, նա ընդամենը այդ երկու աճպարարությունն էր սովորել։ Նա կրկին իր թիկնոցը գցեց լայնեզր գլխարկի վրա։ Շատ էր հուզվել, ճակատը ծածկվել էր քրտինքի մանր կաթիլներով, ձեռքերը դողում էին, և չիմանալով ինչ անել․ պտտվում էր գլխարկի շուրջը և անիմաստ ու անկապ շշնջում․
—Տյաու՜-մյաու՜, տյաու՜-մյաու՜, տյաու՜-մյաու՜․․․
Հետո դողդողացող ձեռքերով ետ տարավ թիկնոցը, և լայնեզր գլխարկի միջից դուրս ցատկեց ․․․ մի թավամազ, ամեհի կատու։
—Մյաու՜, —մռնչաց կատուն և առյուծի նման նետվեց մկների վրա։
Ի՜նչ իրարանցում սկսվեց, ի՜նչ իրարանցում։ Բոլորն այս ու այն կողմ ճողոպրեցին, էլ ծակուծուկ չթողեցին, թաքնվեցին՝ ով որտեղ կարող էր։ Իսկ կատուն այդքան շատ մկներ տեսնելուվ շփոթվեց։ Մեկ սրա ետևից էր ընկնում, մեկ նրա։ Այդպես էլ ոչ մեկին չկարողացավ բռնել։ Իզուր չեն փորձված կատուներն ասում․ «երկու մկան ետևից ընկնողը, մեկին էլ չի բռնի»։
Այսպես կատուն վազեց, վազվզեց,ապա հուսահատված ու ձեռնունայն հեռացավ։
Երբ մկների շունչը տեղն եկավ, հավաքվեցին մեր մկնիկի շուրջը։ Նա ուշագնաց ընկել էր լայնեզր գլխարկի մոտ։ Շատ չարչարվեցին, մինչև ուշքի բերեցին։ Երբ նա աչքերը բացեց , մրմնջաց․
—Տյաու՜-մյաու՜, տյաու՜-մյաու՜․․․
—Ի՞նչ, — սարսափեցին բոլորը։
Մկնիկը իսկույն տեղից վեր թռավ, ձեռքերն առաջ պարզեց ու ճչաց․
—Այլևս ոչ մի տյաու՜-մյաու՜ չի լինի, խոստանու՜մ եմ, խո՛ս-տա՛-նու՛մ։

Ընտրությամբ թատրոնի գործունեություն․ Սեպտեմբերի 14-18-ը աշխատանքային նախագծեր

Ուշադրությունը զարգացնող խաղեր

Եղջերուներ և ձագուկներ

Երեխաները նստում են աթոռներին: Առաջին շարքում եղջերուները, երկրորդ շարքում ձագուկները: Դաստիարակը կանգնում է երեխաների դիմաց և ասում.-Իմ ձեռքում կա երկու զանգակ՝ մեծ և փոքր: Լսեք, թե ինչպես են նրանք հնչում: Երբ ես կհնչեցնեմ մեծ զանգակը, եղջերուները ոտքերով կդոփեն (4 հարված),երբ կհնչեցնեմ փոքրով՝ ձագուկները կդոփեն (8 հարված): Խաղից դուրս է մնում այն երեխան, ով շփոթվել է:

Ասեղիկ

Երեխաները կանգնում են զույգերով դեմ դիմաց և բարձրացնում են ձեռքերն այնպես, որ նրանցից մեկի ափերը լինի մյուսի ափերի դիմաց: Առաջին երեխան ափերը պահում է անշարժ, մյուսը ասում է խաղի բառերը՝ ցուցամատերը պտտեցնելով մյուս երեխայի ափերի դիմաց: <<Ախ ասեղիկ,ասեղ: Դու սուր ես և բարակ: Վա՛յ>>: Վերջին բառից հետո նա ցուցամատով ծակում է խաղընկերոջ ափը, որը պետք է բռնի ծակողի մատը: Հետո խաղացողները փոխվում են տեղերով: Խաղը կարելի է անցկացնել նաև շրջաններ կազմած՝ ներքին և արտաքին:

 Առաջ-հետ

Նստել գետնին դեմքով դեպի փոքրիկները: Երեխաներին բացատրեք, որ խախալիքը պետք է իրար փոխանցեն  այնքան ժամանակ մինչև երաժշտությունն ավարտվի: Շարունակել խախալիքը փոխանցել այնքան ժամանակ մինչև երաժշտությունը չավարտվի:

Բռնիր, մի բռնիր

Երեխաները շրջան են կազմում: Խաղացողները մուգև բաց գնդակները նետում են իրար: Բաց գնդակը պետք է անընդհատ բռնել, իսկ մուգը միայն այն ժամանակ, երբ այն անձայն են նետում: Եթե մուգ գնդակ նետողը ասում է <<բռնիր>>պետք  չէ բռնել: Խաղից դուրս է մնում նա, ով բռնում է գնդակը: Խաղն ավարտվում է այն ժամանակ, երբ մնում է 2-3 խաղացող: Նրանք համարվում են խաղի հաղթողները:

Ով է ում ետևից

Երեխաները բաժանվում են 2 մասի 5-6 հոգի և կանգնում են 2 շարքով: Ամեն թիմից 1 հոգի պետք է ղեկավարի և կանգնի մեջքով  բոլորին:Մնացածը այդ ժամանակ դասավորվում են շարքում: Խաղավարը տալիս է ազդանշան և շրջվում է դեմքով դեպի շարքը և պետք է հիշի, թե ով ում ետևից է կանգնած: Նոր ազդանշանից 5-10 վարկյան հետո պտտվելով պետք է ասի, թե  ինչ հերթականությամբ են կանգնած եղել: Հետո վարողը պետք է կանգնի շարքի մեջ, իսկ նրա փոխարեն մեկ ուրիշը վարի: Այդպես մինչև բոլորը վարեն խաղը:

Ես կարող եմ

Երեխաները շրջանաձև նստում են և հերթով ասում, թե ինչ կարող են անել:Օրինակ` արագ վազել, բարձր թռնել և այլն: Պետք է լինեն շատ ուշադիր, քանի որ չպետք է կրկնվեն: Ով կրկնեց որևէ կարողություն,  դուրս է մնում խաղից: Հաղթում է նա, ով ավելի շատ կարողություններ ունի և չի կրկնվում:


Շեռլոկ Հոմս

Երեխաները կանգնում են իրար դեմ դիմաց, ուշադիր նայում իրար, որից հետո երեխաներից մեկը դուրս է գալիս սենյակից, իսկ մյուսը փոփոխություններ անում իր արտաքին տեսքի վրա: Հետո կանչում ընկերոջը`Շեռլոկ Հոմսին, ով պետք է գուշակի փոփոխությունը: Եթե երեխաները շատ են, կարելի է մրցույթ անցկացնել և հայտնաբերել լավագույն գուշակին:

Իմ ծննդյան օրը

Խմբի անդամները հերթականությամբ ասում են իրանց անունները, բայց յուրաքանչյուր մասնակից իր անվանը ավելացնում է նաև իր ծննդյան օրը: Երկրորդ մասնակիցը կրկնում է առաջին մասնակցի անունն ու ծննդյան օրը և ասում իր անունն ու ծննդյան օրը, երրորդը՝ առաջին երկու մասնակիցների անունն ու ծննդյան օրերը և իր անունն ու ծննդյան օրը, և այդպես մինչև վերջին մասնակիցը:

Թռչում է, չի թռչում

Երեխաները նստում են, կամ կանգնում կիսաշրջանաձև: Խաղավարը անվանում է առարկաներ: Եթե առարկան թռչում է, երեխաները բարձրանում են ձեռքերը: Եթե չի թռչում՝ երեխաները բաց են թողնում ձեռքերը: Խաղավարը կարող է միտումնավոր սխալվել, որոշ երեխաներ ձեռքերը ակամա կբարձրացնեն:

«Ուղղում ենք սխալները»

Խաղի մասնակիցները շրջան են կազմում: Խաղավարը նախադասություն է ասում, որոնց մեջ սխալներ կան: Օրինակ՝ Ամռանը ձյուն է գալիս: Ձմռանը այգում ծաղկում են խնձորենիները: Ներքևում նրանց վրա պառկել էր տափաստանը: Արևը թաքնվել էր ծառի գագաթներից և այլն: Նախադասությունները յուրաքանչյուր խաղի մասնակցի առաջարկվում են հերթականությամբ: Նա, ով նախադասությունում սխալ չգտնի, դուրս է գալիս խաղից: Այս դեպքում նույն առաջադրանքը առաջարկվում է հաջորդ խաղացողին: Հաղթում է նա, ով մնում է վերջում:

Եղիր ուշադիր

Խաղի մասնակիցները նստում են շրջանաձև: Խաղի վարողը առաջարկում է միասին երգել բոլորին ծանոթ որևէ երգ: Եթե վարողը ծափ է տալիս մեկ անգամ, բոլորը սկսում են համերաշխ բարձրաձայն երգել: Եթե խաղավարը ծափ է տալիս երկու անգամ, բոլորը շարունակում են երգել, բայց մտքում, իրենց համար: Եթե ծափ է տալիս նորից մեկ անգամ, ապա բոլորը նորից շարունակում են երգել բարձրաձայն: Եվ այսպես մի քանի անգամ, քանի դեռ մասնակիցներից որևէ մեկը չի սխալվել: Նա, ով կսխալվի, ինքը կդառնա խաղավարը:

Հույզեր եւ զգացմունքներ

Իրականության ճանաչումը չի սահմանափակվում սոսկ երևույթների և առարկաների արտաքին հատկությունների ընկալմամբ, նրանց ներքին և թաքնված կապերի ու հատկությունների բացատրմամբ, դրանց մտապահմամբ ու հետագա վերարտադրմամբ։ Այդ պրոցեսի հաջորդ փուլի իմաստն ու նպատակն այն է, որ այդ ամենի հանդեպ ցուցաբերվում է սուբյեկտիվ վերաբերմունք։ Հոգեկան այդ պրոցեսը, որն արտահայտում է մարդու սուբյեկտիվ վերաբերմունքը իրականության և սեփական «ես»-ի հանդեպ, կոչվում է հույզ (էմոցիա)։ Հույզերն այն հաճելի կամ տհաճ զգացումներն են, որ առաջանում են յուրաքանչյուրիս մոտ շրջակա միջավայրը ճանաչելու, ինքնաճանաչելու, որևէ գործունեություն ծավալելու, միջանձնային կապեր կամ հարաբերություններ հաստատելու ընթացքում կամ արդյունքում։

Զգացմունքները պայմանավորված են այն պահանջներով, որոնք առաջանում են մարդու զարգացման ընթացքում և պայմանավորված են միջանձնային հարաբերություններով ու շփումներով։ Այլ կերպ ասած՝ սրանք «մարդկայնացված» հույզերն են։ Այս շարքին են դասվում բարոյաէթիկական, էսթետիկական և ինտելեկտուալ հակումները՝ սերը, հարգանքը, պատիվը, բարեկամությունը, կարեկցանքը, համակրանքը և այլն։ Զգացմունքները որոշիչ ազդեցություն ունեն հույզերի և մարդու վարքի վրա ամբողջությամբ։ Մարդու հիմնարար հույզերից են հուզմունքը, ուրախությունը, զարմանքը, վիշտը, զայրույթը, զզվանքը, արհամարանքը, վախը, ամոթը և մեղքը։ Մնացած հույզերը բխում են այդ տասը ձևերից։Ամեն ինչ սկսվում է խոսքից ու ժեստից, սեփական զգացմունքներն ու մտքերն արտահայտելու ձևերից ու կարողություններից։ 

Ջերմաչափման կարգ

Առավոտյան՝ դպրոց գալուց առաջ, սովորողը, աշխատողը չափում է իր ջերմաստիճանը, ջերմություն ունենալու դեպքում կարգի համաձայն տեղեկացնում է իր բացակայության մասին:

Դպրոց հասնելուն պես դասավանդողը չափում է իր ջերմաստիճանը՝ դպրոցի գլխավոր մուտքի մոտ դրված ջերմաչափով: ջերմություն ունենալու դեպքում տեղեկաացնում է իր անմիջական ղեկավարին և վերադառնում տուն:

Պարտեզի սաների ջերմաչափումը կատարում է դաստիարակը՝ նախապես, խումբ մտնելուց առաջ; Ջերմություն ունենալու դեպքում սանը մեկուսացվում է մյուս սաներից և սովորողներից, դեպքի մասին տեղեկացվում է ծնողին,ծնողը կամ օրինական ներկայացուցիչը մոտենում է դպրոց, երեխային տանում դպրոցից:

Դպրոցի սովորողները ջերմաչափվում են յուրաքանչյուրն իր դասարանում, ջերմաչափումն իրականացնում է դասվարը, կազմակերպիչը, այլ դասավանդողներ: Ջերմություն ունենալու դեպքում սանը մեկուսացվում է մյուս սաներից և սովորողներից, դեպքի մասին տեղեկացվում է ծնողին,ծնողը կամ օրինական ներկայացուցիչը մոտենում է դպրոց, երեխային տանում դպրոցից:

սաների, սվորողների ջերմությունը չափվում է նաև տուն գնալուց առաջ:

Ջերմաչափման արդյունքները գրանցվում են ամեն օր՝  գրանցամատյանում: