Գրիմ եղբայրներ. «Երեք փետուրները». հեքիաթ

Մի թագավոր է լինում: Ունենում է երեք որդի: Երկուսը խելացի և հնարամիտ են լինում, երրորդը՝ քչախոս ու ինքնամփոփ: Այդ պատճառով էլ եղբայրները մտածում են, թե նա պակասամիտ է, և անունը դնում են Հիմարիկ: Երբ թագավորը ծերանում է, սկսում է հաճախակի մտածել մահվան մասին և թե որդիներից որ մեկին պիտի թողնի իշխանությունը: Օրերից մի օր նա կանչում է զավակներին և ասում.

— Ձեզանից որ մեկն ինձ համար բերի ամենաշքեղ գորգը, նա էլ իմ մահից հետո կթագավորի:

Եվ որպեսզի եղբայրների միջև վիճաբանություններ չլինեն, առաջնորդում է նրանց դղյակից դուրս, օդում տատանում երեք փետուր և ասում.

— Ինչ ուղղությամբ նրանք թռչեն, այդ կողմն էլ դուք պետք է գնաք՝ ամենաշքեղ գորգը որոնելու:

Առաջին փետուրը սլանում է դեպի արևելք, երկրորդը՝ արևմուտք, երրորդի ընթացքը սակայն ուղիղ էր. այն հեռու չի գնում և շուտով վայր է ընկնում: Ապա եղբայրներից մեկը գալիս է աջ կողմից, մյուսը՝ ձախ, և նրանք սկսում են ծիծաղել Հիմարիկի վրա, որը կանգնած էր փետուրի ընկած տեղում:

Հիմարիկը տխուր նստում է ներքևում: Հենց այդ պահին էլ նկատում է, որ փետուրի ընկած տեղում մի գաղտնադուռ կա: Արագ բաց է անում դուռը, նկատում աստիճանները և ցած իջնում: Այնուհետև մոտենում է մի այլ դռան, թակում և լսում, թե ինչ են ներսում խոսում.

Փոքրիկ ու կանաչ օրիորդ՝

ոտքերով կնճռոտ,

շնիկի նման,

շատ կնճռոտ,

շուտ թույլ տուր տեսնեմ՝ ով կա դրսում:

Դուռը բացվում է, և նա տեսնում է մի մեծ դոդոշի՝ շրջապատված անհամար փոքրիկ դոդոշիկներով: Դոդոշը միանգամից հարցնում է, թե նա ինչ ցանկություն ունի: Հիմարիկը պատասխանում է.

— Ես ամենասիրուն ու ամենաշքեղ գորգն եմ փնտրում:

Դոդոշը կանչում է մի փոքրիկի և ասում.

Փոքրիկ ու կանաչ օրիորդ՝

ոտքերով կնճռոտ,

շնիկի նման,

շատ կնճռոտ,

այստեղ բե՛ր մեծ տուփը:

Փոքրիկը բերում է տուփը, դոդոշը բաց է անում այն, հանում գորգը և տալիս է Հիմարիկին: Գորգն այնքան սիրուն ու շքեղ էր, որ երկրի վրա ոչ ոք չէր կարողանա նմանը գործել: Հիմարիկը շնորհակալություն է հայտնում և հեռանում:

Իսկ նրա երկու եղբայրները Հիմարիկին այնքան անմիտ էին համարում, որ մտածում էին՝ նա ոչինչ էլ չի կարողանա ճարել-բերել:

— Ինչո՞ւ պետք է իզուր տեղը չարչարվենք ինչ-որ գորգի համար, -ասում են նրանք՝ վերցնելով առաջին իսկ պատահած կոշտ մահուդից գորգը, և տանում թագավորի մոտ:

Այդ նույն ժամանակ Հիմարիկն էլ է վերադառնում՝ իր հետ բերելով շքեղ գորգը: Երբ թագավորը տեսնում է այն, ապշում է և զարմանքով բացականչում.

— Իմ մահից հետո թագավորությունը կպատկանի կրտսեր որդուս:

Բայց մյուս երկուսը հորը հանգիստ չեն տալիս՝ պնդելով, որ Հիմարիկը չի կարող թագավորել, և խնդրում են, որ նա մի հանձնարարություն ևս տա: Հայրը տեղի է տալիս՝ ասելով.

— Լա՜վ, իմ ժառանգորդը կդառնա նա, ով ինձ համար կբերի ամենագեղեցիկ մատանին:

Նա երեք եղբայրներին դուրս է տանում և երեք փետուրները, որոնց հետևից նրանք պիտի գնային, բաց թողնում օդում: Երկու փետուրները թռչում են արևելք և արևմուտք, իսկ երրորդը սլանում է ուղիղ և ընկնում ճիշտ գաղտնադռան մոտ: Հիմարիկը նորից իջնում է դոդոշի մոտ և ասում, որ ամենասիրուն մատանին է փնտրում: Դոդոշը անմիջապես բերել է տալիս մեծ տուփը և այնտեղից հանում է մի մատանի, որ փայլում էր թանկագին քարերով և այնքան գեղեցիկ էր, որ երկրի վրա ոչ մի ոսկերիչ չէր կարողանա նմանը ձուլել: Մեծ եղբայրները, ծիծաղելով Հիմարիկի վրա, որ փնտրում էր ամենագեղեցիկ ոսկե մատանին, մեծ ջանքեր չեն գործադրում, այլ առաջին իսկ պատահած ոսկեջրած հասարակ մետաղը տանում տալիս են թագավորին: Բայց երբ Հիմարիկն է ցույց տալիս իր բերած ոսկե մատանին, հայրը դարձյալ, զարմանքից քար կտրած, բացականչում է.

— Թագավորությունը նրա՛ն է պատկանում:      

Մեծ եղբայրները չոքում են հոր բկին, թագավորին հոգնեցնում այնքան, մինչև նա մի երրորդ հանձնարարություն է տալիս՝ խոստանալով, որ թագավորությունը կպատկանի նրան, ով ամենագեղեցիկ աղջկա հետ կամուսնանա: Երեք փետուրները նա դարձյալ բաց է թողնում օդում, և նրանք սլանում են նախորդ անգամների պես:

Ապա Հիմարիկը առանց հապաղելու իջնում է դոդոշի մոտ և ասում.

-Ես պետք է ամենագեղեցիկ աղջկա հետ ամուսնանամ:

— Ա՜խ, ճի՜շտ է, ամենագեղեցիկ աղջկա հետ, -բացականչում է դոդոշը, -դա այնքան էլ հեշտ չէ, բայց դու պիտի հենց այդպես էլ անես:

Նա Հիմարիկին ցույց է տալիս մի ոսկե շաղգամ, որի վրա խոռոչ էր բացված, և որտեղ վեց դոդոշներ էին խցկված: Հիմարիկը տխուր ասում է.    

— Հիմա ես ի՞նչ պիտի անեմ:

Դոդոշը պատասխանում է.

— Միայն իմ փոքրիկ դոդոշներին տա՛ր ներս:

Հենց Հիմարիկը մտնում է շաղգամի մեջ, կողքին տեսնում է մի հրաշագեղ օրիորդի, ապա շաղգամը վերածվում է կառքի, իսկ վեց դոդոշները՝ ձիերի: Նա համբուրում է օրիորդին և կառքով սլանալով՝ գեղեցկուհուն հասցնում իր թագավոր հոր մոտ: Եղբայրները ևս գալիս են: Նրանք շատ ջանք չէին գործադրել ամենագեղեցիկ աղջկան փնտրելու համար, այլ առաջին պատահած քիչ թե շատ սիրուն գեղջկուհիներին բերել էին իրենց հետ: Երբ թագավորը նկատում է Հիմարիկին և գեղեցկուհուն, բացականչում է.

— Իմ մահից հետո թագավորությունը կպատկանի կրտսեր որդուս:

Բայց մեծ եղբայրները թագավորի ականջները խլացնում են իրենց բացականչություններով.

— Մենք չենք կարող թույլ տալ, որ Հիմարիկը թագավոր դառնա:

Նրանք ևս մի պահանջ են ներկայացնում, ըստ որի՝ առավելություն կունենա նա, ում կինը կկարողանա սենյակի կենտրոնում կախված օղակի միջով ցատկել: «Գեղջկուհիները լավ կցատկեն. նրանք բավական ուժեղ են, բայց նուրբ ու քնքուշ օրիորդը չի կարողանա անցնել օղակի միջով», -մտածում են նրանք: Ծեր թագավորը համաձայնություն է տալիս: Երկու գեղջկուհիները ցատկում են օղակի միջով, բայց նրանք այնքան գռեհիկ էին, որ ընկնում են՝ ի ցույց դնելով իրենց կոպիտ բազուկներն ու սրունքները: Ապա ցատկում է չքնաղ օրիորդը, որին Հիմարիկն էր բերել: Նա օղակի միջով անցնում է այծյամի պես թեթև, և բոլոր առարկությունները դադարում են:

Այսպիսով, թագավորի կրտսեր որդին ստանում է թագը և երկար տարիներ իմաստությամբ իշխում:

Advertisement

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s