
Իրականության ճանաչումը չի սահմանափակվում սոսկ երևույթների և առարկաների արտաքին հատկությունների ընկալմամբ, նրանց ներքին և թաքնված կապերի ու հատկությունների բացատրմամբ, դրանց մտապահմամբ ու հետագա վերարտադրմամբ։ Այդ պրոցեսի հաջորդ փուլի իմաստն ու նպատակն այն է, որ այդ ամենի հանդեպ ցուցաբերվում է սուբյեկտիվ վերաբերմունք։ Հոգեկան այդ պրոցեսը, որն արտահայտում է մարդու սուբյեկտիվ վերաբերմունքը իրականության և սեփական «ես»-ի հանդեպ, կոչվում է հույզ (էմոցիա)։ Հույզերն այն հաճելի կամ տհաճ զգացումներն են, որ առաջանում են յուրաքանչյուրիս մոտ շրջակա միջավայրը ճանաչելու, ինքնաճանաչելու, որևէ գործունեություն ծավալելու, միջանձնային կապեր կամ հարաբերություններ հաստատելու ընթացքում կամ արդյունքում։
Զգացմունքները պայմանավորված են այն պահանջներով, որոնք առաջանում են մարդու զարգացման ընթացքում և պայմանավորված են միջանձնային հարաբերություններով ու շփումներով։ Այլ կերպ ասած՝ սրանք «մարդկայնացված» հույզերն են։ Այս շարքին են դասվում բարոյաէթիկական, էսթետիկական և ինտելեկտուալ հակումները՝ սերը, հարգանքը, պատիվը, բարեկամությունը, կարեկցանքը, համակրանքը և այլն։ Զգացմունքները որոշիչ ազդեցություն ունեն հույզերի և մարդու վարքի վրա ամբողջությամբ։ Մարդու հիմնարար հույզերից են հուզմունքը, ուրախությունը, զարմանքը, վիշտը, զայրույթը, զզվանքը, արհամարանքը, վախը, ամոթը և մեղքը։ Մնացած հույզերը բխում են այդ տասը ձևերից։Ամեն ինչ սկսվում է խոսքից ու ժեստից, սեփական զգացմունքներն ու մտքերն արտահայտելու ձևերից ու կարողություններից։