Ազգային խաղեր

Աչքկապուկ

7-20 խաղացողներ իրենցից մեկի աչքերը կապում են և շրջապատելով սկսում կսմթել: Կապվածը ձգտում էր նրանցից մեկին բռնել և իր դերը նրա հետ փոխել:

Խնոցիհարոցի

Խաղում են զույգերով: Նստած կամ կանգնած դիրքով զույգերը դեմքով իրար են նայում: Մի խաղացողի երկու ձեռքերի մատները հագցրած են դիմացինի մատներին` ափը ափին կպած:

-Խնոցի-հարոցի, կարագը` ձեզ, թանը` մեզ:

կամ`

-Հարի-հարի խնոցի,
Մեջդ բարի, խնոցի,
Ունկդ բարակ, խնոցի,
Մեջդ կարագ, խնոցի:

Տեքստը ռիթմիկ արտասանելով, առաջին երեխան թեքվում է առաջ` ձեռքերը պարզելով առաջ, իսկ երկրորդ երեխան թեքվում է ետ` ձեռքերը մոտեցնելով կրծքին: Ապա երկրորդ երեխան թեքվում է առաջ` ձեռքերը պարզելով առաջ, իսկ առաջին երեխան ետ` ձեռքերը մոտեցնելով կրծքին:

Խաշիլ ճաշ

10 ևավելի հոգով կիսաշրջան են կազմում երեխաները, որոնցից առաջինը մայր է կոչվում: Մեկը թռչուն դառնալով՝ նստում է կիսաշրջանի մեջտեղում , և հողի վրա զանազան նկարներ է ձևացնում: Կիսաշրջանը մոր առաջնորդությամբ պտտվում է նրա շուրջը: Մայրը թռչունին հարցնում է.

— Ա՜յ թռչուն, ա¯յ թռչուն, էդ ի՞նչ ես եփում:

— Խաշիլփափա, — պատասխանում է թռչունը:

— Ո՞ւմ համար

— Իմ ճուտերի:

— Կտա՞ս իմ ճուտերին:

— Չեմ տա, խի կուտամ, թե քաջ են, թող իրենք վերցնեն:

Այս խոսքի վրա մայրը կամ ճուտերից մեկը աշխատում է թռչունին խփել և անպայման վայր գցել, ու հաջողվելու դեպքում խփողն ու խփվողը դերերը փոխում են, իսկ եթե ոչ շարունակում են խաղալ այնքան ժամանակ, մինչև որ հաջողեցնում են: