Մուտքի ճամբար 27.08.2019

Ծրագրի համաձայն այսօր հանդիպեցինք Արևմուտքի դպրոցում, կատարեցինք շրջայց դպրոցի ղեկավար տիկին Գոհար Բալջյանի հետ: Տարածքում վերնորոգման աշխատանքներ էին տարվում, նորոգում են նկուղը, որպեսզի այն ծառայի տեխնոլոգիական աշխատանքների <<լսարան>>:

Հետո բաժանվեցինք 2 խմբի, մեր խումբը անցավ Արևմուտքի կրթական պարտեզի ուսումնական ագարակ, փոքր ինչ սովորեցինք, թէ ինչպես պետք է խնամել ձիերին, ինքներս մաքրեցինք ու սանրեցինք ձիերին:Ինձ համար այստեղ այնքան հետաքրքիր էր, որ մի փոքր ուշացա պարտիզապուրակային աշխատանքներից, չնայած նրան, որ այստեղ էլ պակաս հետաքրքիր չէր: Խնամեցինք ծաղիկներն ու բույսերը, զգուշությամբ, որ արմատները չվնասենք, տեղափոխեցինք ավելի մեծ ծաղկամանների մեջ, ջրեցինք, մաքրեցինք, այլ կերպ ասած նոր կյանք տվեցինք,թարմացրեցինք:

Այս ամենից հետո գնացինք շախմատի դասընթացի, սովորեցինք ֆիգուրների քայլերը, ուսումնասիրեցինք թէ ինչ առավելություններ ու տարբերություններ ունեն մեկը մյուսի նկատմամբ։ Թեպետև շախմատն ինձ համար մի փոքր անհասկանալի է, բայց ինչպես ասում են` երբեք ուշ չէ սովորելու համար: Կարծում եմ մինչ մյուս հանդիպումը կհասցնեմ ինքնուրույն մի քանի բան ևս սովորել:

Հաջորդիվ հանդիպեցինք ինձ համար արդեն սիրելի դարձած տիկին Մարինեին, երգեցինք, պարեցինք ինչու չէ նաև ուրախացանք ու լիցքաթափվեցինք:

Այնուհետև քալեցինք դեպի մայր դպրոց, և դասընթացը շարունակեցինք տիկին Քրիստինե Սահակյանցի հետ: Այսօրվա թեման սննդային թունավորումն էր, թէ ինչ ճանապարհներով է այն անցնում օրգանիզմ, ինչ նախանշաններ են լինում թունավորման դեպքում և ինչպես ցուցաբերել առաջին բուժօգնություն: Տիկին Քրիստինեն մեզ բացատրեց նաև,թէ ինչու է տան պայմաններում պատրաստված պահացոներից թունավորվելու հավանականությունը մեծ:

Սիրում եմ նաև մեր ընդմիջումները, երբ հագեցաց աշխատանքներից հետո մի ընտանիքի պես նստում ենք սեղանի շուրջ ու քննարկում ենք օրը: Օգնում ու խրախուսում ենք միմյանց:

Լուսանկարը Արմինե Թոփչյանի

Մուտքի ճամբար 26.08.2019

Լուսանկարը Արմինե Թոփչյանի

Մուտքի ճամբարի առաջին օրը հավաքվեցինք կրթահամալիրի քոլեջում։Կատարեցինք շրջայց քոլեջում քոլեջի ղեկավարի հետ։ Շատ հետաքրքիր ու տրամադրող էր ամեն ինչ, հատկապես գինիների, ծաղիկների ու կենդանիների սենյակները։ Այնուհետև ունեցանք մանկավարժական զրույց տիկին Մարիետ Սիմոնյանի հետ։ Խոսեցինք մեր համալսարաններից, ինստիտուտներից, թէ ինչքանով ենք գոհ կամ դժգոհ մեր ստացած կրթությունից, ինչը կփոխեինք, ինչ կավելացնեինք։


Այս հետաքրքիր զրույցին հաջորդեց մեկ այլ զրույց, խոսեցինք կամավորական աշխատանքի մասին օրիօրդ Նառա Նիկողոսյանի հետ։ Յուրաքանչյուրս յուրովի ներկայացրեցինք թէ ինչ ենք հասկանում կամավորական աշխատանք ասելով։
Հաջորդիվ հանդիպեցինք տիկին Մարինե Մկրտչյանին, նա միանգամից մեզ կլանեց իր երաժշտկան աշխարհ։ Միասին պարեցինք, երգեցինք, խոսեցինք Կոմիտասից, հոգևոր երգերից։ Մեզ ներկայացրեց իր կատարած աշխատանքները, մշակումները։
Այս ամենից հետո մեզ ուղեկցեցին մայր դպոց, որտեղ բաժանվեցինք խմբերի, ըստ մասնագիտությունների և ընտրած աշխատանքի։Մեր խմբում տիկին Քրիստինե Սահակյանցի հետ միասին խոսեցինք առողջ սննդից, հասկացանք թէ գնումներ կատարելիս ինչին պետք է ուշադիր լինել, խոսեցինք գազավորված ըմպելիքների վնասակարությունից և առողջ սնվելու հետ կապված մի շարք այլ թեմաներից։